BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Երբ մանկան նման կարելի է ցանկանալ և ստանալ երազանքը»

«Երբ մանկան նման կարելի է ցանկանալ և ստանալ երազանքը»
24.12.2016 | 08:52

«Փսիլայֆ» հոգեբանական աջակցության կենտրոնի ղեկավար, հոգեբան ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ մեր զրույցի թեման Ամանորն է. նախատոնական տրամադրություն, առատ սեղան, բարեմաղթանքներ, սպասումներ, ամեն ինչ նորից սկսելու ցանկություն:

-Մենք որպես կանոն անցյալում կատարվող իրադարձությունները, հին տարեթվերը հիշելիս հիմնականում լավ կողմերն ենք մտաբերում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Անցյալի կարևորումն ու դրական կողմերի մտաբերումը պայմանավորված են մի շարք հանգամանքներով: Անցյալում արդեն ամեն ինչ պարզ է, կատարված, իսկ անորոշ ապագան, որպես կանոն, վախեցնում է մարդկանց: Որոշ մարդիկ հակում ունեն ավելի կարևորելու անցյալում կատարված իրադարձությունները, քանի որ այն կապվում է իրենց երիտասարդ տարիների հետ, երբ լի էին երազանքներով, նախաձեռնություններով, ապագայի նկատմամբ անսպառ հավատով:
-Ինչո՞ւ ենք այդքան սպասում Նոր տարուն, փոփոխությունների, նոր մի բանի պահա՞նջ է: Չէ՞ որ, մեծ հաշվով, նոր տարին հնի շարունակությունն է:
-Ամանորն արդեն իսկ նույնականացվում է հրաշքի սպասման հետ, դա կապված է դեռ մանկությունից եկող հավատի հետ՝ ուղղված Ձմեռ պապին և ցանկությունների իրականացմանը: Մարդիկ որպես կանոն սպասում են, որ Նոր տարին կբերի նոր նպատակներ, հնարավորություններ, իսկ անցնող տարին իր հետ կտանի խնդիրներն ու մտահոգությունները: Երազելով դրականի մասին՝ Ամանորը նորի լավ հնարավորություն է ինքնածրագրավորելու սեփական անձը դեպի դրականն ու հույսը: Ամանորը ժամանակահատված է, երբ մանկան նման կարելի է ցանկանալ և ստանալ երազանքը:
-Ավանդույթները, ամանորյան եռուզեռը, առատ սեղանը որոշակի խորհուրդ ունեն: Գուցե բազմազան ուտեստները առողջարար չեն, բայց այս ամենը արդյո՞ք ինքնանպատակ է:
-Շքեղ, բազմազան սեղանը դարձել է լիության և առատության նշան: Մարդիկ հավատաում են, որ ինչքան ճոխ դիմավորեն Ամանորը, այդպես էլ կշարունակվի: Բնականաբար, շատ ընտանիքների համար բավականին ծանր բեռ ու մեծ հոգս է Ամանորի շքեղ պատրաստությունը, սակայն հոգեբանական տեսանկյունից մարդիկ ներշնչում են իրենց, հավատում, որ տարին ևս այդպես առատ կանցնի: Սակայն հարկ է գիտակցել, որ ամեն ինչ մեր ձեռքերում է և շքեղ սեղանի առկայությունը չէ, որ կապահովի բարեկեցիկ և ներդաշնակ եկող տարին:
-Պե՞տք է հետևել հորոսկոպներին կամ «աստղագետի» խորհրդին, օրինակ, որ եկող տարի քաղցրից պետք է խուսափել:
-Հավատալ հորոսկոպներին, թե ոչ, յուրաքանչյուր մարդու ընտրության հարցն է: Սակայն, անշուշտ, պետք է հիշել, որ ամեն ինչ այս կյանքում իրավիճակային է, եթե մարդ կա, որ հավատում է հորոսկոպի դրական կանխատեսումներին և դա նրան օգնում է ինքնակարգավորելու սեփական վարքն ու կյանքը, ապա կարող է և հավատալ:
-Որպես «Տարվա լավագույն հոգեբան», ի՞նչ կասեք հենց դրամատիկ տարվա մասին` 2016-ի: Ինչպե՞ս կբնորոշեք:
-Նախ և առաջ մարդկանց մեծամասնության մեջ տուժել է անվտանգության և վտանգի դեպքում պաշտպանված լինելու զգացումը: Միաժամանակ առաջ է եկել ավելի համախմբված լինելու, միմյանց օգնելու ավելի մեծ հակում:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր հայրենակիցներին:
-Փորձեք միշտ զգալ, որ դուք հաջողակ եք և ընդունակ հասնելու ձեր առջև դրված նպատակներին, հետևեք ձեր երազանքներին, վստահ լինելով, որ կյանքը անսպառ հնարավորությունների դաշտ է:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ